«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել Թուրքիայի համար զեղչերը
Ռուսական «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերությունը չեղյալ է հայտարարել մոտ 10,25 տոկոսի չափով գազի գնի զեղչերը վեց թուրքական ընկերությունների համար, որոնց բաժին էր հասնում մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ընկերությունների ներկայացուցիչներին: «Գազպրոմի» ներկայացուցիչները հայտնել են գործակալությանը, որ զեղչը կարող է վերականգնվել միայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ 2013 թվականին ռուսական կողմի և Enerco Enerji, Avrasya gaz, Bosphorus gas, Shell Enerji, Bati Hatti և Kibar Enerji ընկերությունների միջև ստորագրվել է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին համաձայնագիր։ Մնացած ծավալները գնում են «Էգե Գազ» և «Բոտաշ» ընկերությունները։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան ցանկանում է վերսկսել Իսրայելից գազի մատակարարումները՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով:
