«Ռուս գործարարները Հայաստանում մեծ փողեր են լվացել». իրավապաշտպաններ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը եւ ռուս գործարարները Հայաստանում փողերի լվացման մի մեծ գործընթաց են իրականացրել, որը, չգիտես ինչու, վրիպել է իրավապահ մարմինների ուշադրությունից: Այսօր Մեդիա Կենտրոնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը ներկայացրին գործի մանրամասները: Հատկանշական է, որ Մարինա Պողոսյանին իր իբրեւ թե ոտնահարված իրավունքները վերականգնելու համար 2014 թվականին դիմել է ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը, սակայն տիկին Պողոսյանը, ուսումնասիրելով գործը, հասկացել է, որ Կորեպանովը ոչ թե տուժող կողմ է, այլ խարդախության մասնակից: Ավելին, երբ Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է տվել, նրա հանդեպ քրեական հետապնդում է սկսվել: Բանն այն է, որ 2005-2007 թվականներին երեք ռուս գործարարներ՝ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը, խոշոր գումարներ են ներդրել Հայաստանում հողեր գնելու համար եւ պայմանագրեր կնքել Սուրեն Օսիպովի կնոջ՝ Լյուբով Փիլոյանի եւ նրա որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ: Արթուր Սաքունցի խոսքով՝ գործարարները, ամենայն հավանականությամբ, որոշել են դիմել իրավապաշտպաններին իրենց միջանձնային տարաձայնությունները լուծելու համար՝ ամենեւին չպատկերացնելով, որ գործն այլ ընթացք կստանա: Իրավապաշտպաններին անհանգստացնում է ոչ այնքան ռուս գործարարների եւ Օսիպովի ընտանիքի հանցավոր համաձայնությունը, այլ ՀՀ իրավապահ մարմինների անտարբերությունը: Ավելին, նրանք կասկածում են, որ վերջիններս նույնպես մասնակցություն են ունեցել փողերի լվացման գործընթացում:
