Լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների 105 դեպք է արձանագրվել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցն այսօր լրագրողներին ներկայացրեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը: 2015 թ. ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումները, ըստ ԽԱՊԿ զեկույցի, դասակարգված են հետևյալ կերպ. • ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ, • ճնշումներ լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ, • տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ: Մելիքյանը նշեց, որ 2015թ. ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 8 դեպք: «Եթե 2014թ. գրանցված 9 դեպքերից տուժել էին ԶԼՄ-ների 12 աշխատակից, ապա 2015-ին 8 միջադեպերից տուժած լրագրողների ու օպերատորների թիվը հասել է 23-ի»,- ասաց բանախոսը և ավելացրեց, որ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների քանակը 67 է` 24-ով ավելի, քան նախորդ տարի: «Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա տարվա ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է 30 փաստ: 2014թ. համեմատ դրանք ավելացել են 17-ով: Այսպիսով, 2015 թվականին լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների ընդհանուր քանակը 105 է, ինչը 40-ով ավելի է 2014թ.-ից»,- ամփոփեց Աշոտ Մելիքյանը:
