Փոխհատուցում՝ Արագածոտնի մարզի գյուղացիներին
Արագածոտնի մարզում այս տարվա հուլիսին տեղացած ուժեղ կարկուտից տուժած գյուղացիները առաջիկա մեկ ամսվա ընթացքում փոխհատուցում կստանան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որը մասնակցում էր Ապարանի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» հուշարձանի վրա հերթական խաչի տեղադրման արարողությանը: «Հարցը շատ ձգձգվեց այս փոփոխությունների հետ կապված: Ինձ թվում է՝ մյուս հինգշաբթի կամ առաջիկա 20 օրվա ընթացքում հարցը կմտնի կառավարություն ու փոխհատուցման խնդիրը կլուծվի»,- ասաց մարզպետը: Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչքան կլինի փոխհատուցումը: «Բնականաբար, շատ մեծ էր այն գումարը, որը որ տուժել էին: Հիմա հաշվարկները տարել են, կփոխհատուցվի, ես էլ հստակ չգիտեմ՝ հողի հարկ է զիջվելու, ջրի հարկ է զիջվելու, թե այլ կերպ է փոխհատուցվելու, թե վարկերի սառեցում կլինի»,- ասաց նա:
