Ղարաբաղի հարցով Ալիևը սպառնում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը, ով ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկրների ղեկավարները պատրաստ չեն կարգավորմանը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Ալիևը նշել է, որ այդ հայտարարությունը զարմանք է առաջացնում: Նրա խոսքով, Ադրբեջանին նման բանի մեջ մեղադրելն ամենաքիչն անխղճություն է: «Ասել, որ երկու կողմն էլ մեղավոր են, կողմերը պատրաստ չեն դրան, այս խնդիրն ավելի բարդ է, քան պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, նշանակում է աջակցություն հայտնել Հայաստանի քաղաքականությանը», ասել է Ալիևը:Ադրբեջանի նախագահը սպառնացել է, որ եթե մոտ ժամանակներս այդ հայտարարությունը չշտկվի, ապա միջնորդական առաքելությունը կարող է կասկածի տակ դրվել:
Ալիևի խոսքով, Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որ համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Նրա խոսքով, արևմտյան մեդիայի և ՀԿ-երի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ նպատակ ունի պարտադրել, որ համաձայնվեն Լեռնային Ղարաբաղի անկախությանը:«Դա երբեք չի լինի: Քանի դեռ մենք իշխանության ենք, իսկ հանրաքվեի արդյունքները ցույց են տվել, որ, Աստված տա, երկար ենք մնալու իշխանության, Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրան», նշել է Ալիեւը:
