Կարեն Կարապետյանը ձախողելու է.ոչ մի տարբերություն Սուրիկ Խաչատրյանի և Վահե Հակոբյանի միջև.Վիգեն Խաչատրյան
Սյունիքի մարզպետի փոփոխությունը հույսեր չի տալիս,այս մասին հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում : «Որևէ տարբերություն չեմ տեսնում: Իսկ ինչու՞ ընտրվեց Վահե Հակոբյանը, ի՞նչ սկզբունքով»,-հարցրեց Խաչատրյանը՝ ինչին ի պատասխան լրագրողներից մեկը դիտարկեց, թե վարչապետի խոսքով՝ ինքը նոր կադրերին ընտրում է՝ ելնելով նրանց պրոֆեսիոնալիզմից. «Մամուլում գրում են՝ Սյունիքը ազատագրվեց Սուրիկ Խաչատրյանից, կոմբինատը՝ Վահե Հակոբյանից: Եթե մարդն ամեն տեղ կարող է աշխատել, նա չի կարող պրոֆեսիոնալ լինել»,-նկատեց ԳԽ նախկին պատգամավորը և հավելեց. «Մարզպետը պետք է քաղաքական դեմք լինի, որպեսզի կարողանա համակարգային փոփոխություններ իրականացնի:Մարզում մարզպետը մեկը չէ, հինգն են՝ ոստիկանապետն էլ է մարզպետ, քաղաքապետն էլ:Մարդը պետք է կարողանա նրանց բոլորի դեմն առնել»: Վիգեն Խաչատրյանը նշեց, որ առաջին փոփոխությունը մեր երկրում պետք է սկսել նրանից, որ օրենքի առաջ բոլորը լինեն հավասար: «Որևէ փոքր ձեռնարկատեր այսօր օրենքով չի աշխատում, մենք բոլորս դա շատ լավ գիտենք: Մտնում ես խանութ՝ հագուստի կամ մթերքի, որտեղ մարդն իր օրվա ապրուստն է վաստակում, զգում ես լարված է, վախեցած, որովհետեւ հարկային տեսուչների հետ են աշխատում, ոչ թե օրենքով, որովհետև օրենքով աշխատելու դեպքում կրկնակի տուժելու են»,-ասաց նա:
