Ուռճացված են
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ԱԺ-ում լրագրողներին ասաց. «Վանաձորի Հայ Ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկած «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանին վանաձորցիները սիրում են: Նա մշտապես կանգնել է մարդկանց կողքին և օգնել հնարավորության սահմաններում։ Նա անձնավորություն է, որին շարքային քաղաքացիները սիրում են»: Խոսելով միջադեպի մասին, Մ.Շահգելդյանը նշեց, որ մամուլում բազմաթիվ ուռճացված հրապարակումներ եղան։ «Մի անգամ հայտարարեցին, որ Ռաֆիկ Գրիգորյանը հոսպիտալացվել է, ապա որոշ լրատվամիջոցներ հոսպիտալից տեղեկացան, որ հոսպիտալացման կարիք չի եղել։ Մի շարք բաներ կային, որ չէին համապատասխանում իրականությանը», - ասաց նա։ Մ.Շահգելդյանը նաև նշեց, որ իրենք շահագրգռված են դեպքի մանրամասների բացահայտմամբ։
