2008-ին միացանք ՀՀԿ-ին՝զոհերից խուսափելու համար. Մհեր Շահգելդյան
«Գյումրիում «Հայկական վերածննդին» միանալու ցանկություն են հայտնել այն քաղաքական ուժերը, որոնք 6 տոկոսի շեմը չեն հաղթահարել։ Այս պահին նրանց բոլորի հետ տարվում են քննարկումներ։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա երեկ մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք Քրիստ Մարուքյանին։ Նախապայմանների մասին այս պահին չեմ ուզում խոսել, քանի որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խոսել է միայն առաջարկությունների մասին», - ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը : Ինչո՞վ ժողովուրդը կարող է վստահ լինել, որ 2008 թ-ի նման այս անգամ ևս կուսակցությունը չի միանա ՀՀԿ-ին հարցին , Մ.Շահգելդյանը պատասխանեց․ ««Հայկական վերածնունդը» տարբեր կուսակցությունների միավորման արդյունքում է ձևավորվել, ինչը նշանակում է, որ նրանք կոնսոլիդացիայի կողմնակից են եղել։ Ես այդ հարցը ոչ ճիշտ մոտեցում եմ համարում։ 2008 թվականի հետ կապված ՕԵԿ-ն իր դիրքորոշումները բազմիցս արտահայտել է։ Դա քայլ էր՝ խուսափելու համար էլ ավելի շատ զոհերից։ Տվյալ մոտեցումը հստակ է և ներկայացված է հասարակությանը, որը կարծում եմ՝ ավելի մեծ ըմբռնումով է մոտենում այս հարցին», - ասաց նա։
