Սուր պահերին Սերժ Սարգսյանը դիմում է Սուրիկ Խաչատրյանին.Փոստանջյան
Համակարգային փոփոխության ցանկություն չկա. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը. «Նախարարությունների անվանումների փոփոխությունները չեն ազդելու մեր կյանքի որակի վրա։ Սերժ Սարգսյանը մանիպուլացնում է հանրությանը, թյուրիմացության մեջ է գցում, թե արատավոր անձանցից ազատվում է, բայց համակարգային փոփոխություն չի ցանկանում իրականացնել»։ Ըստ Զարուհի Փոստանջյանի, սրանք կոսմետիկ միջոցներ են, բայց որակական փոփոխությունների չեն բերելու: Մեր հարցին՝ Դուք բազմիցս եք ասել, որ Սուրիկ Խաչատրյանը կարեւոր դերակատար է Սերժ Սարգսյանի համար, կարեւոր խաղացող է իր շախմատային տախտակում եւ նրա միջոցով է, որ կարողանում է ընտրություններին վերընտրվել, Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը հիմա զոհում է իր գլխավոր խաղաքարերից մեկին, որ ամբողջ խա՞ղը հաղթի՝ նա պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է եղել եւ հետո նշանակվել: Սուր պահերին, երբ պետք էր կեղծել հանրաքվեն, նա դիմեց այդպիսի գործիքի: ՀՀ-ն բաժանել են 13 ընտրատարածքի եւ այդ ընտրատարածքներում արդեն ունեն որոշակի սցենար, գիտեն ինչպես պետք է կեղծեն ընտրությունները: Դրա վերջին փորձը Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններն են»:
