«Այնպես չի, որ պառլամենտականի համար ձայններն արդեն գրպանում են». Շարմազանով
Հանրապետական կուսակցությունը հերթական Գործադիր մարմնի նիստին ամփոփել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ՀՀԿ-ի արդյունքները. նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անկուսակցական թեկնածուները, որոնք ընտրվել են համայնքի ղեկավար, ցանկություն են հայտնել անդամակցել ՀՀԿ-ին, համայնքների շուրջ 72%-ի ներկայացուցիչները ՀՀԿ անդամներ են: Պետք է նշել, որ ՀՀԿ-ն պահպանում է առաջատարի իր դիրքերը և շարունակում է մնալ առանցքային և կենսունակ քաղաքական ուժը»,-ասաց նա: Շարմազանովը շեշտեց, որ, բնականաբար, եղել են նաև բացթողումներ, որից դասեր քաղելով՝ կմասնակցեն 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին: Դիտարկմանը, թե, կարծես, Վանաձորում ՀՀԿ-ն առաջին անգամ ընդդիմություն է դառնում՝ հաշվի առնելով, որ «Հայկական վերածնունդը» հայտարարել է, որ աջակցում է Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, Շարմազանովը պատասխանեց, թե իր և կուսակցության գնահատականը կլինի ավագանու նիստի ընտրություններից հետո։ Նա նշեց, որ կուսակցություններին անհրաժեշտ է կոալիցիա և, ըստ այդմ էլ, պետք է սպասել ընտրություններին: Հարցին, թե կորուստ կլինի իրենց համար, եթե Վանաձորի քաղաքապետ այդուհանդերձ ՀՀԿ-ական չլինի՝ Շարմազանովը պատասխանեց. «Այնպես չի, որ ով ինչքան ձայն հավաքել է պառլամենտականի համար, արդեն այն իր գրպանում է: ՏԻՄ-ն ուրիշ է, խորհրդարանականը՝ ուրիշ, չպետք է հուսահատվեն այն քաղաքական կուսակցությունները, որոնք քիչ ձայն են հավաքել, կամ ոգևորվեն նրանք, ովքեր շատ ձայն են հավաքել, այդ թվում և մենք: Կորուստների մասին՝ կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա:
