Կրիմինալն ընդդեմ Վրաստանի. մեղադրում են Իվանիշվիլիին

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում են 19 կուսակցություն և 6 ընտրական բլոկ: Նախընտրական պայքարը վերջին օրերին աննախադեպ սրվեց, քաղաքական ուժերի նկատմամբ բռնությունների դեպքեր են գրանցվել: Նախ` օրեր առաջ Գորիում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Իրակլի Օքրուաշվիլիի նախընտրական հանդիպման ժամանակ վիրավորվել էին երկու անձինք: Իսկ հոկտեմբերի 4-ի երեկոյան Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մերձակա տարածքում պայթեցվեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի վնասվել: Նրա պնդմամբ մեքենան պայթեցվել է հեռակառավարման սարքով: Դեպքի վայրում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիգա Բոկերիան ասել է. «Մի բան կարող եմ հաստատ ասել, որ այս ամենի մեջ մեղավոր է Բիձինա Իվանիշվիլին, այս բռնության, այս ատելության սերմանելու, կազմակերպված հանցագործության վերադարձի մեջ հենց նա է մեղավոր, այդ իսկ պատճառով մի քանի օրից պետք է անել ճիշտ ընտրություն, որպեսզի դեպի անդունդ գնացող երկիրը վերադարձնենք ճիշտ ճանապարհին: Ես չգիտեմ, թե ով է դա արել, սակայն ես գիտեմ, թե ինչն է երկիրը հասցրել այս վիճակին: Դա Իվանիշվիլին ու նրա քաղաքականությունն է, որին մենք պետք է վերջակետ դնենք խաղաղ խորհրդարանական ընտրություններում: Այն, ինչ մենք տեսնում ենք, Իվանիշվիլիի ռեժիմի հոգեվարքն է: Դա չի օգնի նրանց: Նրանք վնաս են պատճառել երկրին նրանով, որ նման փաստեր են տեղի ունենում ընտրությունից օրեր առաջ: Նման փաստերն անհետք չեն անցնում երկրի համար»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի կարծիքով,  ընդդիմադիր քաղաքական գործչի մեքենայի պայթեցման փաստը հասարակության շրջանում անպաշտպանվածության և պետության թուլացման զգացում է առաջացնում: Ալասանիան ասել է, որ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում է երկրի իշխող կուսակցությունը։ «Ընտրական մթնոլորտը օրեցօր ավելի է սրվում: Ամեն օր մենք ծանր փաստերի ականատեսն ենք դառնում, ինչը  ոչ առողջ ընտրական միջավայր է ձևավորում: Ընտրություններին հաշված օրեր է մնացել, այդ պատճառով էլ այս ամենը քաղաքական գույներ է ստանում»,-ասել է Ալասանիան՝ նշելով, որ նման իրադարձությունների արդյունքում հանրությունը իրեն ահաբեկված է զգում: «Ազատ դեմոկրատները» կոչ են արել զերծ մնալ անհիմն եզրակացություններ անելուց, Վրաստանի կառավարությանը կոչ են արել ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, կենտրոնանալով երկրում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու վրա։  Ալասանիայի կարծիքով, նման իրադարձությունները հարցականի տակ են դնում  երկրի ժողովրդավարությանը: Բավական կոշտ էր Վրաստանի նախագահի արձագանքը: Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչություն է որակել Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը: «Սա կրիմինալի պայքարն է հասարակության դեմ, կրիմինալի պայքարն է քաղաքական գործիչների դեմ: Սա կրիմինալի հարձակումն է քաղաքական ժողովրդավարական նորմալ գործընթացի վրա»,- ասել է նախագահը: Մարգվելաշվիլին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի քաղաքական ուժերում կան այնպիսիք, որոնք զբաղված են ապակայունացմամբ. «Մենք ուղիղ նրանց կարող ենք անվանել քրեական տարրեր, որոնք, դժբախտաբար, քաղաքական գործընթացը դիտարկում են որպես միմյանց հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար: Նրանք այդպիսով կարծում են, թե մասնակցում են քաղաքական գործընթացի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հույսեր կկապի նման տարրերի գործողությունների հետ, դատապարտված է, որ վերջիվերջո հաշվեհարդարի հերթը կհասնի իրենց»: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորի ավտոմեքենան պայթեցրել են նրանք, որոնց ձեռնտու չեն ընտրական միջավայրն, ու որոնց անհրաժեշտ են անկարգություններ: «Այն, ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում, ոչ միայն երկրի դեմ կազմակերպված դիվերսիա է, այլև Վրաստանի թշնամիների կողմից կազմակերպված սադրանք, որպեսզի ընտրություններից առաջ անցկացվեն անկարգություններ: Այդ ծանր հանցանքը կարող է բխել միայն այն ուժերի շահերից, որոնք չեն կարող հաշտվել երկրում ազատ ու խաղաղ ընտրական միջավայրի հետ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ խոստանալով, որ այդ ամենը ծրագրած և իրականացրած անձինք կպատժվեն ամենայն խստությամբ: Իսկ ահա Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հերթական գրառումն է արել հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Նա վստահություն է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, և ինքը վերադառնալու է երկիր՝ մասնակցելու կառավարության ձևավորմանը: «Մենք կհաղթենք հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում և հենց որ հաղթենք, կպաշտպանենք այդ ընտրությունները: Ընդհանրապես չեմ կասկածում, որ կլինի հենց այդպես: Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք: Մենք կհաղթենք համոզիչ ձևով և հնարավորություն կունենանք ձևավորել կառավարություն»,- ասել է նա: «Այն մարդիկ, որոնք խոստանում են կալանավորել ինձ, արդյունքում ինձ սահմանին կդիմավորեն ծափահարություններով», նշել է նա։ Այսպիսով, Սաակաշվիլին խոստանում է, անպայման, վերադառնալ հայրենիք ու ակտիվորեն միանալ նոր կառավարության ձևավորմանը, նա ընդամենը մի քանի օր անց Վրաստանի նոր ապագայի մասին է արդեն խոսում: Ուշագրավ է, ո բոլոր քաղաքական ուժերը երկրում տեղի ունեցած բռնություններում մեղադրում են Բիձինա Իվանիշվիլիին: Թեև Վրաստանի ներկայիս նախագահը անուններ չի տվել, սակայն հայտնի է, որ խիստ լարված են Մարգվելաշվիլիի ու Իվանիշվիլիի հարաբերությունները: Բավական ուշագրավ է, թե այս լարվածության ֆոնին ինչ արդյունքներ կլինեն հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալիք ընտրություններից հետո, թե առավելությամբ ո՞ր քաղաքական ուժին վստահության քվե կտա վրաց հասարակությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am