Նախագահի հորդորը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստին շնորհավորեց գործադիրի անդամներին և հիշեցրեց այն պատասխանատվության մասին, որ նրանք ստանձնել են: «Թիվ մեկ խնդիրը՝ կառավարման արդյունավետության բարձրացումն է: Եվ աշխարհում, և մեր տարածաշրջանում, և Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Շատ ավելի հեշտ է զարգանալ, հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ հարևաններն ու գործընկերներն ունեն տնտեսական աճ: Եվ բարդ է, երբ կան արտաքին բացասական տնտեսական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել ավելին ու ունենալ զարգացում:Անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ ու բարձրացնել տնտեսական արդյունավետությունը», - ասաց Ս. Սարգսյանը: «Հնարավոր է և պետք է ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցները և հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Տնտեսության և հասարակության ներուժը կազմակերպված և նպատակային ներուժի մեջ է», - նշեց նախագահը և ընդգծեց, որ դե ֆակտո «սկսել ենք համակարգային փոփոխությունները»: « Նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ ունի մեր ժողովուրդը: Պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղեք ամուր, հաստատակամ: Ինչպես պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա: Միշտ անձնականը պետք է մղվի երկրորդական պլան: Մենք պետք է միայն առաջ գնանք: Պռոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել նախկինում, պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության», - հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:
