Մկրտչյանի նորամուծությունը
Ռեկտորի, բուհի գործադիր ղեկավարի, գիտական խորհրդի պարտականությունները պետք է տարանջատվեն, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Արդեն մշակված է և կայքում դրված է բարձրագույն կրթության օրենքի նոր նախագիծը, և այստեղ հայեցակարգային փոփոխություն կա հենց համալսարանական կառավարման համակարգի ուղղությամբ: Ես չեմ ընդունում, որ ճիշտ է, որպեսզի մենք անպայման պահանջենք համալսարանների համար բարձրագույն գիտական աստիճան ունեցող մարդկանց: Եվ համաշխարհային բուհական փորձը ցույց է տալիս, որ ռեկտորի, բուհի գործադիր ղեկավարի, գիտական խորհրդի պարտականությունները պետք է տարանջատվեն», - նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանի խոսքով, ժամանակն է, որպեսզի օրենսդիրը և գործադիրը համալսարանի ներսում անջատվեն ընդհանուր քաղաքական տրամաբանությունից և հնարավորություն տրվի համալսարաններին ինքնավարության ձևաչափը օգտագործել:
«Մենք գտնում ենք, որ խորհուրդը պետք է լինի իսկապես ապաքաղաքական, ձևավորված համալսարանի համար ընդունելի, համալսարանի առաքելությանը հարիր անձանցից», - նշեց նա:
