Ինչ փոփոխություններ կանի Սարգսյանը
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարցեր ուղղեց ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին: Նա հետաքրքրվեց նորանշանակ նախարարի Պաշտպանության բնագավառի հետագա զարգացման հետ կապված տեսլականից: «Իհարկե, այն քայլերի մասին, որոնց մասին կարելի է խոսել հրապարակայնորեն»,- ասաց Լևոն Մարտիրոսյանը: Ի պատասխան պատգամավորի՝ ՊՆ նորանշանակ նախարարն ասաց, որ Կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվի պաշտպանության ոլորոտի տեսլականն ու ծրագրերը: «Այսօր առիթ եմ ունեցել կառավարության կազմով ներկայացնել 25-րդ տարում ազգային բանակի գոյության առաջնահերթությունները, որոնք հիմնված են ԶՈւ և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա: Գիտեք, որ հունվարի 28-ին բանակի 25-րդ տարին է և մեր խնդիրն է անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետև հաշվի առնելով այն իրավիճակում, որտեղ գտնվում է մեր պետությունը, տարածաշրջանը, քաղաքական մարտահրավերները՝ ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնա իրականության մի մաս»,- ասաց պաշտպանության նախարարը: Վիգեն Սարգսյանն ընդգծեց` ամեն ինչ պետք է անել, որ բանակը ծանր բեռ դառնալու փոխարեն դառնա պետության ու տնտեսության շոգեքարշը: «Դա նշանակում է, որ պետք է ընդգրկել ոչ միայն նրանց, ովքեր ԶՈւ-ում ծառայում են, այլ ողջ ազգաբնակչությանը, որոնք բանակի հետ կապված ծրագրեր ունեն՝ գիտահետազոտական, գիտական, տնտեսական, արդյունաբերական և այլն, ու այդ ժամանակ բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում: Երկրորդ կարևոր բաղադրիչն այն կլինի, որ բանակը հասարակության հայելին պարզապես դառնալուց բացի լինի հասարակության դպրոցն ու դարբնոցը:
