Մանրամասներ՝ Ավետարանական եկեղեցու առաջնորդի ծեծի մասին
Վանաձորում Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդի ծեծի դեպքը ահաբեկչություն է քաղաքացու եւ նրա ազատ կամքի արտահայտման դեմ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: «Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Հայկական վերածնունդ կուսակցության ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանը թվով 15 անձանց հետ 2016 թ․ հոկտեմբերի 4-ի երեկոյան ներխուժել է Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցի եւ դաժան ծեծի ենթարկել եկեղեցու հովիվ, գերապատվելի Ռաֆիկ Գրիգորյանին։ Արկադի Փելեշյանը վերջինիս մեղադրել է ընտրություններում առաջադրված այլ թեկնածուների օգտին աշխատելու մեջ։ Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում տիրող բացարձակ ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտի հերթական դրսեւորումն է, որը եւս մեկ անգամ ստվերում է ընտրական գործընթացները՝ Հանրապետությունում։ Այս փաստը եւս մեկ անգամ ցույց է տալիս քաղաքական գործընթացներում քրեական գործելակերպի անթույլատրելիությունը։ Տեղի ունեցածը որակում ենք որպես ահաբեկչություն՝ քաղաքացու եւ նրա ազատ կամքի արտահայտման դեմ եւ ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները այս հանցագործությանը կտան համարժեք իրավական գնահատական եւ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել: Այս պահին Ռաֆիկ Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում:
