«Արդյոք հնարավո՞ր է ՀՀ-ում ապրել նման կենսաթոշակներով». Զուրաբյան
Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակը պատգամավոր Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ կենսաթոշակների խնդրին՝ հայտնելով, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հարյուրավոր հանդիպումներ են ունեցել, եւ այդ հանդիպումներում ամենաշատ տրվող հարցը հետեւյալն է. «Արդյոք հնարավո՞ր է ՀՀ-ում ապրել նման կենսաթոշակներով»,-ասաց Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակը 14.000 դրամ է: Հարցին պատասխանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հիշեցնելով, որ սոցիալական ուղղության ծախսերը կազմում են բյուջեի ծախսերի ծուրջ 30 տոկոսը. «Վերջին տարիներին սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը գնալով ավելացել են: Այո, դուք ճիշտ եք, 2017-ի բյուջեում կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ, այն պայմանավորված է այսօրվա իրողություններով եւ առաջնահերթ խնդիրներով»,-ասաց Ասատրյանը: Պատգամավորն արձագանքեց. «Անկեղծորեն պետք է ասեմ, որ ձեր ասածից կարելի է արձանագրել հետեւյալը՝ կենսաթոշակառուների մոտ ոչ մի հեռանկար չի կարող լինել այս կառավարությունից, եւ կառավարությունը դրա մասին հայտարարում է»,-ասաց Զուրաբյանը:
