1 մլն դոլար՝ Կարո Եղնուկյանի ազատման դիմաց
Այսօր լրագրողների հետ զրույցում Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամի խափանման միջոցը փոխելու համար 1 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքի գրավադրման առաջարկ կարվի դատարանին: «Վաղը պետք է քննվի Կարո Եղնուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, և ՀՀ օրենսդրությամբ, եթե վտանգ կա, որ անձը կարող է խոչընդոտել նախաքննությանը, թաքնվել, կամ ազդել նախաքննող մարմնի վրա, դրա համար կա գրավի ինստիտուտ, որը զսպող միջոց է ենթադրյալ մեղադրյալի ենթադրյալ գործողությունների համար: Մենք պատրաստվում ենք 1 մլն դոլարից ավել արժեցող անշարժ գույքի գրավ առաջադրել, որ խնդիր չլինի դատարանի համար, թե Կարո Եղնուկյանը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել: Դատարանը նաև ազատ է գրավի չափ սահմանելու հարցում»:
