Էրդողանի` «Ինձ, կներեք, հայ էլ են անվանել» արտահայտությունը՝ ԵԽ-ի զեկույցում
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ հրապարակած իր նոր զեկույցում անդրադարձել է թուրքական մամուլում նկատվող անհանդուրժողական և ազգայնական ձևակերպումներին, որոնք, ըստ հանձնաժողովի, կտրուկ աճել են վերջին մեկ տարվա ընթացքում և հատկապես` հեղաշրջման փորձից հետո: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ խիստ ազգայնական ձևակերպումներ են նկատվում նաև տարբեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, անգամ՝ երկրի նախագահի ելույթներում: Հանձնաժողովի զեկույցում ներառվել է նաև Էրդողանի հայտնի` «Ինձ, շատ կներեք, հայ էլ են անվանել» արտահայտությունը, որն Էրդողանն արել էր իր հարցազրույցներից մեկի ժամանակ դեռևս 2014թ.-ին: Եվրոպայի խորհրդի հանձնաժողովը զեկույցում ընդգրկել է նաև թուրքական բանակի հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի, Ստամբուլի Սամաթիա թաղամասում իր տանը հարձակման ենթարկված տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչյուկի, ինչպես նաև պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունների դեպքերը: Զեկույցը նաև անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայում մոտ 1 մլն քուրդ քաղաքացիներ դեռևս մնում են առանց բնակության մշտական վայրի. նրանք թուրքական ԶՈՒ-ի գործողություններից հետո դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց տները:
