Պատգամավորն առաջարկում է լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից
Խորհրդարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածության հարցն է քննարկվում: ԿԸՀ անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանն իր ելույթում ասաց, ԿԸՀ-ում իր խնդիրն է պատրաստել որակյալ լրագրողներ, ինչպես ՊՆ-ում էր: Նա հայտնեց, որ լրագրողները գնում են հարցազրույցի, մամուլի ասուլիսների՝ բացարձակ անտեղյակ լինելով, թե ինչի համար եւ ուր են եկել: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ևս միացավ ԶԼՄ-ների դեմ բողոքին ՝ հիշեցնելով, որ հանրաքվեից հետո հարց է բարձրացրել, որ այն լրատվամիջոցները, որոնք բացարձակ հակաքարոզչությամբ են զբաղվել, ենթարկվեին պատասխանատվության: «Կարծես որեւիցե նման պատասխանատվություն ես չեմ լսել, որ ենթարկվեն նման մեկնաբաններն ու ԶԼՄ-ները: Կարծում եմ, Ձեր մոտեցումն է պետք, որ օրենքում պատժաչափերը խստացնենք, թեկուզ լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից»:
