Ուրիխանյանին կանչել են զրուցելու
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անպարկեշտ բառապաշարով հանդես եկավ՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին մեղադրելով իշխանության դրածո լինելու մեջ: Նման հայտարարությունից հետո այսօր լրագրողները պարզեցին, որ Ուրիխանյանը հրավիրվել է Շարմազանովի սենյակ: ՀՀԿ-ականը հանդիպումից հետո հայտարարեց, թե Ուրիխանյանին հրավիրել էր զրուցելու. «Մենք պարբերաբար զրուցում ենք: Ես Ուրիխանյանի հետ չունեմ անձնական խնդիր: Ես որևէ պատգամավորի հետ անձնական խնդիր չունեմ: Որևէ պատգամավորի հանդեպ ոչ կոռեկտ ձևակերպումներ անելու խնդիր չունեմ: Իմ երեկվա ձևակերպումները եղել են ելույթի վերաբերյալ: Անկախ նրանից, ես եմ դա անում, մեկ ուրիշն է անում: Եթե ինքը վիրավորվել է, խորապես ափսոսում եմ, ես վիրավորելու խնդիր չեմ ունեցել»: Հարցին, թե Ուրիխանյանը Ձեզ մարտահրավեր է նետել՝ խոստանալով դժոխքի վերածել Ձեր կյանքը, ՀՀԿ-ականը պատասխանեց, թե ինքը մարտահրավերը չի ընդունում, քանի որ չի գտնվում մարտի դաշտում. «Ես համերաշխության և հանդուրժողականության կողմնակիցն եմ: Ես այս պառլամենտում խաղաղության աղավնու դեր ունեմ»:
