«Մեր ոստիկանները, փաստորեն, 40 մետրից լավ լսում են. աբսուրդ է». փաստաբան
«Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ դատարանի առաջադրած մեղադրանքներն աբսուրդ են. նրան մեղադրում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, ինչը սակայն, տեղի չի ունեցել: Այն ամենն ինչ ասվում է ՝ ասվում է ոստիկանների ցուցմունքները հիմք ընդունելով, ինչը սակայն, իրականության հետ ոչ մի աղերս չուն»,-այս մասին այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Վերջինիս պնդմամբ՝ դատարանը ոչ իրավաչափ որոշումներ է կայացնում և Ֆլետչեր ավարտած գործը վարող դատավորը Ղուկասյանի գործով գրավ կիրառելու միջնորդությունը մերժել է՝ առանց հիմնավորման. «Անդրիաս Ղուկասյանը քաղաքական բանտարկյալ է, և սա հաստատեց Ֆլետչեր ավարտած գործը վարող դատավորը: Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգելու համար 9 ժամ տևողությամբ նիստի ընթացքում ոչ մի հիմնավորում չներկայացվեց»: Ասուլիսի ընթացքում փաստաբանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են իր պաշտպանյալից հետաքրքրվել, թե ազատության մեջ հայտնվելուց հետո շարունակելու՞ է ընդդիմադիր գործունեությունը, թե ոչ։ Ղուկասյանն էլ նշել է, որ ինքը չի մտածում բռնությամբ քաղաքական հարցեր լուծելու մասին և շարունակելու է իր քաղաքական գործունեությունը ազատության մեջ հայտնվելուց հետո։ Եվ դրանից հետո էլ նրան շարունակել են պահել անազատության մեջ»։ Փաստաբանը Մեժլումյանը ոչ արժանահավատ է համարում ոստիկանների տված ցուցմունքները և զարմանում, թե ինչպես կարող է ոստիկանը 40 մետրից լսել, թե ինչպես է Անդրիասը խոսում քաղաքացինների հետ. «Ոստիկանը դատարանում հայտնում է, որ 40 մետր հեռավորությունից լսել է, թե ինչպես է Ղուկասյանը քաղաքացիներին ասում՝քարեր նետեք ոստիկանների ուղղությամբ. աբսուրդ է»,-հավելեց փաստաբանը:
