Իշխանության և ՀՅԴ-ի հարցերը
Վարչապետ Կարեն Կարապետյանն անկաշկանդ է ձևավորել կառավարության կազմը. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմաններ, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»,- ասաց նա: Անդրադառնալով իրենց պորտֆելների փոփոխությանը` Ռուստամյանը նշեց, որ իրենք պորտֆելի թվի, տեսակի որևէ հարց երբեք չեն դրել: «Մեր հարցը եղել է կապված այն համագործակցության հուշագրի նպատակների հետ, որոնք միասին համաձայնեցրել ենք, և մեր հարցն այն է, որ այդ ուղղությամբ կատարվեն հնարավորինս արագ և արդյունավետ քայլեր»,- ընդգծեց նա: Հարցին, թե մինչև ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն էլ ընտրություններում նույն տոկոսներն ուներ ՀՅԴ-ն և հիմա էլ՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այս համագործակցությունն ի վնաս Դաշնակցությա՞ն գործեց, թե՞ հօգուտ, Ռուստամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ ամենը համագործակցության հետ է կապված: Այն խնդիրները, որոնք մենք դրել էինք, չենք հրաժարվել` անկախ նրանից, թե որ տեղում կգտնվենք, այդ խնդիրները մեզ համար կարևորված են լինելու` լինենք իշխանության մեջ, թե` իշխանությունից դուրս: Այստեղ տեղի հարցն այդքան էլ կարևոր չէ: Եղավ այն, ինչ կա, համագործակցության հետ չենք կապում այդ ամենը: Այդ համագործակցության նպատակներն են կարևոր, մենք չենք գնացել այնտեղ ինչ-որ ռեյտինգի համար»:
