Այդ կանանց հարկավոր էր ընդամենը մարդկային հարգալից վերաբերմունք.Արագած Ախոյան
Երեկ Ազգային ժողովի անցակետից ներս մտնելիս շատ մտազբաղ էի. մուտքի մոտ նկատեցի կանգնած սևազգեստ կանանց: Մեր ետևից անհարգալից ռեպլիկ լսվեց պատգամավորների հասցեին: Ես ետ դարձա, մոտեցա հավաքվածներին, ներողություն խնդրեցի, դիմեցի նրանց, որպեսզի բացատրեն իրենց հավաքվելու պատճառները և նպատակը: Այն, ինչ պատմեցին այդ կանայք, շատ հուզիչ էր. նրանք խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր էին, ովքեր համարում են, որ ինչ-ինչ պատճառներով իրենց որդիների մահվան հանգամանքները մինչև վերջ չեն բացահայտվել: Աննկարագրելի են իմ ապրումներն այդ պահին. խոստացա առավել հանգամանալից ծանոթանալ իրենց խնդրին և կրկին հանդիպել՝ ակնկալիքով, որ կկարողանամ ինչ-որ կերպ օգտակար լինել նրանց: Ընդամենը մի քանի րոպեի ընթացքում ծավալվեց շատ անմիջական և անկեղծ զրույց, և ես հասկացա մի պարզ բան. անհրաժեշտ է շատ զգույշ և ըմբռնումով մոտենալ այս չափազանց նուրբ և ցավալի խնդրին, այս կանանց հարկավոր էր ընդամենը մարդկային հարգալից վերաբերմունք: Նրանցից շատերը չափազանց վրդովված էին մի քանի պատգամավորների կոշտ և չոր պատասխաններից, բայց հակառակ դրան՝ շատ ոգևորված մեկ-երկու պատգամավորի ջերմ և դեմագոգ, պոպուլիստական վերաբերմունքից: Դահլիճ մտնելուց հետո ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ. մենք զարմացանք, թե ինչպես կարելի է շահարկել այսպիսի ցավոտ թեմաներ՝ միմիայն քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Ոչ ոք իրավունք չի տվել արհեստականորեն բաժանել դահլիճը երկու մասի և ներկայանալ որպես խիստ սրտացավ, արդարության ջատագով, չափից ավելի ժողովրդավար մտածելակերպ ունեցող կերպար, իսկ մյուս կողմին ներկայացնել որպես խիստ անտարբեր, անմարդկային և իբր հանցագործությունը միտումնավոր թաքցնող կերպարի: Իմ խորին համոզմամբ՝ չի գտնվի գեթ մի մարդ այս դահլիճում, ով ի վիճակի է անտարբեր անցնել այս լրջագույն խնդրի կողքով: Չի գտնվի գեթ մեկը, ով կցանկանար տեսնել այս կանանց այսպես անօգնական, իրենց խնդիրների և վշտի հետ միայնակ մնացած: Ուղղակի խնդրում եմ և հորդորում այլևս չշահարկել այս հարցը, այլ դրա փոխարեն փորձել գործնականում աջակցել, օգտակար լինել առանց թմբկահարելու և առանց մարդկանց վերքերի վրա ավելորդ անգամ աղ լցնելու: Առաջարկում եմ միասին մտածել այս ցավալի խնդիրը լուծելու ուղղությամբ, անել հնարավորինը յուրաքանչյուր գործի վերաբերյալ օբյեկտիվ պարզաբանում տալու համար: Թող այլևս ոչ ոք իր էժանագին շահարկումներով չփորձի դիպչել մեր ինքնասիրությանը և արժանապատվությանը: Սա մեր բոլորի խնդիրն է, և մենք պարտավոր ենք միասին գտնել այս հարցերի պատասխանը: Խորին հարգանքներս սիրելի մայրերին, ցանկանում եմ համբերություն ձեզ և հավաստիացնում, որ դուք միայնակ չեք. մենք ձեր կողքին ենք, հարգարժա՛ն մայրեր: Արագած Ախոյան
