Նոր մանրամասներ Գյումրիում մահացած 11-ամյա աշակերտի դեպքից
Այսօր ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ուշաթափվել, իսկ հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի 5-րդ դասարանի աշակերտներից մեկը «Օյունջյան» միջնակարգ դպրոց վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը մեզ հետ զրույցում ասաց,որ Գյումրիում այսօր մահացած 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը վատացել է ֆիզկուլտուրայի դասին: «Նստած տեղը, մինչ ուսուցիչը մատյանը կլրացնի, որ պարապմունքը սկսեն, վատացել և ընկել է դասընկերոջ վրա: Մենք ստուգողների հետ միջանցքում էինք, ուսուցիչը վազեց դուրս, ասաց, թե հասեք, երեխան վատ է: Բուժքույրը եկավ, դեռ առաջին օգնությունը չէր հասցրել, շտապբուժօգնության մեքենան եկավ», - պատմեց դպրոցի տնօրենը: «Երեխան զբաղվել է ֆուտբոլով: Ծնողը մեզ ոչ մի անգամ ոչ մի դիմում չի ներկայացրել, որով կխնդրեր երեխային ազատել առարկայից: Լրիվ նորմալ բժշկական թղթով ընդունվել է դպրոց: Ծնողը հիվանդանոցում ասել է, որ էլի է նման բան եղել », - նշեց Հասմիկ Անդրիասյանը:
