«Քաղաքական գործոնը փողն է». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալով, այսօր հայտարարեց, որ ինքն արդեն հասկանում է, թե ինչու Վանաձորում կամ Գյումրիում ՀՀԿ-ն առաջին տեղը գրավեց. «Այն քաղաքացին, որ փողոցում ինձ բռնում, ասում է, թե Շարմազանովը, որ ձեռս ընկնի, փռթիկ-փռթիկ կանեմ, չես պատկերացնում ոնց եմ ես դրանից զզվում, նույնն էլ իմ մասին ասում է Շարմազանովին: ՀՀ-ում քաղաքականությունով հետաքրքրված մեծ մասը կոնկրետ շահագրգռվածություն ունի. ինձ տեսնում, մտածում է՝ սա վաղը-մյուս օրը մի գործի կգնա ու մի քյար կլինի: Ես հիմա վստահ չեմ՝ սա պատճա՞ռ է, թե հետեւանք: Այստեղ՝ այս դահլիճում, նստածների մեծ մասը մտածում է ոչ թե պետության այլ իր ընտանիքի կարիքները լուծելու մասին. քաղաքականության մեջ գաղափարական մարդ կամ չկա, կամ զրոյական է: Սա նկատի ունեմ եւ քաղաքական էլիտային, եւ ընտրողին: Այսօր կարող է հարց լուծել ատամի պրոտեզի խնդիրը լուծելը, իր ռեցեդիվիստ ախպորը բանտից հանել. հիմնական քաղաքական գործոնը ՀՀ-ում փողն է: Ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժը ամեն ամիս փող է ծախսել ընտրությունների վրա՝ դա կլինի դեղ, օպերացիա, կոշիկ, կապ չունի՝ զուտ նյութական արժեքը քաղաքական գործոն է: Ի՞նչ պիտի անի այն ընդդիմությունը, որ կցված չէ որեւէ օլիգարխի, պիտի գտնի համախոհներ, եթե չկան նրանք, պիտի ստեղծի, որոնք առանց հոգնելու պիտի զարկեն այս պատին՝ կոտրվելով, ծեծվելով, ձեռառնվելով, ուրիշ ճանապարհ չկա: Փոփոխությունների հիմքը ժողովրդի կամարտահայտությունն է»: Ըստ նրա՝ եթե քաղաքական ուժը երեք կամ հինգ տոկոս է հավաքում ընտրություններում, չի կարող հեղափոխություն անել, թեկուզ տասը տանկ, հինգ հատ էլ հրթիռ տան: Պարոն Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՊՊԾ գնդի գրավմանն ու Սասնա Ծռերին. «Ես միշտ կասկածանքով եմ վերաբերվում այն մարդկանց, որ ասում են սրանց պետք է խփել, սպանել, փրթել-թափել, հենց այս մարդիկ են, որ դրդեցին Սասնա ծռերի տղերքին ծայրահեղ քայլի դիմել: Միշտ վստահ եմ եղել որ ԱԱԾ գործակալներ են: Սասնա ծռերի ապստամբությունից հետո քանի՞ հոգի կանգնեց նրանց կողքին ու զենք վերցրեց: Իսկ հետո այդ նույն մարդիկ, որ տեսնում են Շարմազանովին, ասում են՝ արա, դրանց կոխցրեք, դրանք էդ ինչ արին: Իսկ Գյումրիում ու Վանաձորում ո՞վ ամենից շատ ձայն հավաքեց՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, որոնք տարբեր ժամանակներում իշխանություն են եղել, ու այս ընտրություններին, փաստորեն, իրենց համահեղինակության մասին հայտարարեցին տեղի ունեցած բոլոր բացասական երեւույթների վերաբերյալ»:
