Չեղած բաները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում. վարչապետի խորհրդական
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ նրա հավաստի տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ եղած ժամանակ հանձնարարել է քաղաքապետարանի գրագրությունը դարձնել ռուսերեն, ավելին՝ վտանգ է տեսել, որ նույն իրավիճակը կարող է կրկնվել Կառավարությունում: NewsBook-ի հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանն անդրադառնալով թեմային նշեց, թե չեղած բաներն անգամ մեկնաբանելու կարիք չի տեսնում, սակայն ավելացրեց. «Եթե Ավետիք Իշխանյանն ունի կոնկրետ փաստեր, ապա թող ներկայացնի, իսկ եթե չկան փաստեր, ապա ես չեղած բաները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում և մեկնաբանելու ենթակա էլ չեն»: Նշենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը 2010-2011 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ:
