«Հայաստանը չունի սիրիահայերին այստեղ տեղափոխելու լծակներ»․Սերժ Սրապիոնյան
Այնքան էլ ուղիղ և հեշտ չէ սիրիահայերի՝ դեպի Հայաստան տեղափոխման կազմակերպումը․ լրագրողների հետ զրույցում խոսելով սիրիահայերին Հայաստան տեղափոխելու, նրանց պատերազմից փրկելու մասին՝ ասաց սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: «Ամենահեշտը այստեղ նրանց օգնություն ցուցաբերելն է: Բայց Սիրիայի Հանրապետության քաղաքացի համարվող հայերն ունեն բազմաթիվ պարտականություններ նույն այդ պետության առաջ․ նրանք ունեն և՛ զինապարտության նկատմամբ պարտք, և՛ բանկային ինչ-ինչ խնդիրներ,- ասաց նա՝ նշելով, որ գնալ, սիրիահայերին բերելը խնդիր կարող է առաջանցել երկու երկրների միջև։- Մենք ունենք պաշտոնական ներկայացուցչություն Սիրիայում. դա մեր հյուպատոսարանն է, որին պետք է դիմեն մեր ազգակիցները»: Սերժ Սրապիոնյանը նշեց, որ հայ համայնքը կարող է դիմել պաշտոնական կառույցներին, որոնք կօգնեն տեղափոխման, տեղավորելու, անվտանգության, սննդի և բուժօգնության հարցերով։ «Եթե որևիցե սիրիահայ կարող է ասել, թե դիմել է հնարավոր այս պաշտոնական աղբյուրներին և քայլեր չեն ձեռնարկվել մեր կառավարության կողմից, ես պատրաստ եմ իմ ամեն բառի համար պատասխան տալ: Իրենք պետք է ցանկանան դա»,- ասաց նա: Սփյուռքի փոխնախարարը նշեց, որ Հայաստանը չունի մարդկանց տեղափոխելու լծակներ․ «Եթե դիմեն պատկան մարմիններին, ապա կստանան համապատասխան օգնություն: Մենք ամեն ինչով պատրաստ ենք օգնել նրանց»:
