Կարելի է հակընդդեմ բանաձևի նախագիծ ներկայացնել ու չեզոքացնել Մարկովիչի բանաձևը. Ռուբիկ Հակոբյան
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է՝ ԵԽ ԽՎ-ում հայկական կողմը բավական ճիշտ կարողացավ աշխատել: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ Ռ. Հակոբյանը նկատեց՝ Ռոբերտ Ուոլթերի բանաձևը, որն ավելի կոշտ էր ու քաղաքական նրբերանգներով ավելի վտանգավոր էր, չանցավ: «Ովքեր տեղյակ էին այս բանաձևերի զարգացումներին, նկատած կլինեն, որ ադրբեջանական մամուլը գրեթե միշտ գրում էր՝ վերջ, սրանք հաղթանակած են, սակայն հայկական կողմը կարողացավ ճիշտ աշխատանք տանել, չեզոքացնել Ուոլթերի բանաձևը, որն ավելի կոշտ էր»,անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայ բանաձևերին՝ ասաց պագամավորը: Ռուբիկ Հակոբյանի խոսքով, հայկական կողմը կարողացել է ճիշտ օգտագործել իր ռեսուրսները. «Գործադիրը և օրենսդիրը՝ դիմադիրը և ընդդիմադիրը ճիշտ համագործակցեցին, որտեղ ոչ թե անձնական կուսակցական շահերը աշխատեցին, այլև ազգայինը: Մեծ էր նաև ժողովրդի դերը»: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ եթե ավելի լուրջ աշխատեին, մյուս բանաձևն էլ չէր անցնի: Նա հույս հայտնեց, որ փորձն ունենալով՝ կկարողանան համակարգված, ճիշտ ժամանակին աշխատել, ու մենք կունենաք հաջողություններ. «Մի գործոն չօգտագործվեց՝ ԼՂՀ իշխանությունները բացահայտ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ կարող են բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, դա շատ կարևոր է: Կարելի է հակընդդեմ բանաձևի նախագիծ ներկայացնել ու չեզոքացնել Մարկովիչի բանաձևը»:
