Վարդևան Գրիգորյանը կդառնա՞ քաղաքապետ
Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ այսօր վաղ է խոսել նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին փոխարինողի մասին, քանի որ ԱԺ նախագահին ներկայացված հրաժարականի դիմումը պետք է երկու շաբաթվա մեջ հետ չվերցվի, որպեսզի հրաժարականը հաստատվի: Այս մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Մի րոպե, մի րոպե ժողովո՛ւրդ ջան, կիկոսի մահը չսարքենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ուրիխանյանի վերաբերյալ հարցը ժամանակավրեպ է: Կան բոլոր հնարավորությունները, որպեսզի ընդդիմությունը Գյումրիում քաղաքապետ առաջադրի: «Չգիտեմ ինչ հաշվարկ են արել ՀՀԿ-ականները, որ գտնում են, թե Գյումրիում Բալասանյանը 17 քվե ունի: Անգամ բոնուսային հաշվարկներով, որ շեմը չհաղթահարած թեկնածուների բոնուսները գնում են Բալասանյան դաշինքին, անգամ այս դեպքում Բալասանյանն ունի 15 քվե»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության գործընկների հետ ԲՀԿ-ն արդեն քննարկել և համաձայնության է եկել, որ Գյումրիում ՀՎԿ-ն պատրաստ է սատարել ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանին, իսկ «ԳԱԼԱ»-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են:
