ՀՅԴ-իշխանություն համագործակցությունն անհրաժեշտություն է.Ռուբեն Հակոբյան
«Իշխանության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» համագործակցությունն այսօր անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի առջև բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում՝ ինչպես ներկայանալ քաղաքական դաշտում, առավել ևս՝ «Դաշնակցությունը»: Բայց «Դաշնակցությունը» մեր սովորական կուսակցություններից չէ, այն համահայկական կառույց է, և այն իրավիճակը, որ առկա է այսօր աշխարհում ու Հայաստանի շուրջ, իսկապես հուշում է՝ համագործակցությունն անհրաժեշտ է: Կարևոր է, որ համահայկական կառույցը և իշխանությունը կարողանան միասնական ծրագրով առաջնորդվել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: «Ինչքան էլ քննադատեն «Դաշնակցությանը», այսօր այդ համագործակցությունն անհրաժեշտ է, իսկ ձևաչափն ու ժամանակը կուսակցությունները պետք է որոշեն: Այսօր աշխարհում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ոչ միայն Դաշնակցության պարագայում, այլ ընդհանրապես, շռայլություն կլինի, եթե մեր ռեսուրսները չօգտագործենք, որովհետև մարտահրավերները չափից դուրս լուրջ են: Այդ պարագայում է, որ կարող ենք ոչ միայն վատ արդյունք չունենալ, այլ կարող ենք օգտվել այս հնարավորությունից: Հայաստանը խաղի կանոններ թելադրող չէ, բայց կարող է գոնե աշխատել՝ ի օգուտ իրեն»,-ասաց նա: Հարցին, թե կոալիցիա կազմելու առաջարկ ստացել է իշխանության կողմից, կամ ստանալու դեպքում կհամաձայնի՞, թե՞ ոչ, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, կոալիցիա կազմելու առաջարկ չենք ստացել: Եթե ես ունենամ այն հնարավորությունը, որ իսկապես կարող է պետությանը օգուտ բերել՝ որևէ առաջարկության դեպքում կքննարկեմ, բայց դա պետք է ինքնանպատակ չլինի: Պետք է հասկանալ, թե դրանից ինչ կշահի պետությունը»,-նկատեց նա:
