ՕԵԿ-ը կդաշնակցի ՀՀԿ-ի հե՞տ
«Հայկական Վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) վարչության անդամ, ՕԵԿ քարտուղար Մհեր Շահգելդյանը չի կարծում, որ հնարավոր է համագործակցության գնան ու իշխանության հետ դաշինք կազմեն Վանաձորում և Գյումրիում: ԱԺ-ում լրագրողների հարցին, թե քանի որ ՏԻՄ ընտրություններում առաջադրված կուսակցություններն անցողիկ շեմը նախնական արդյունքներով չեն հաղթահարել, հնարավոր է դաշինքով օգնեն նրանց՝ պատասխանեց. «Ոչ նման բան չի քննարկվել: Ընդհանրապես ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է: Չկա այդպիսի բան, այդպիսի խնդիր չկա»: Հարցին, իսկ հնարավոր է դաշինք կազմեն Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ՝ ՀՀԿ-ին հետևում թողնելով, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. « Կհամագործակցենք միայն այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում են արժեքային մոտեցումները, ծրագրերը։ Սա զուտ իրավիճակային չպիտի լինի»: ««Լուսավոր Հայաստանը» քաղաքական դաշտ է մտել վերջին շրջանում, ունի իր մոտեցումները, մնացածը՝ ինչպիսի մոտեցումներ են ձևավորում Վանաձորում , կտեսնենք»,- ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղարը: Միաժամանակ նա կոչ արեց չշտապել եզրակացություններ անելիս ու չենթադրել, որ իրենք չեն գնա այս կուսակցության հետ համագործակցության: «Մենք մեր դիրքորոշումները հստակ կարտահայտենք: Դրական ենք վերաբերում, իրենց տեսակետներն ունեն շատ հարցերում, նոր հայացք է, ստացել են քվեներ, մնացածը պաշտոնապես կհայտարարենք»,- նկատեց նա:
