ՀՀԿ-ն դաշինք կկազմի
Ես խնդրում եմ չշտապել, պաշտոնական տվյալները կլինեն, և երբ վերջնական տոկոսները կլինեն, կլինեն նաև բանակցություններ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն, փաստորեն, չի հաղթահարել սահմանված շեմը, արդյո՞ք այս պահին քննարկումներ կան դաշինք կազմելու վերաբերյալ: Հարցին, իսկ եթե ընդդիմությունը դաշինք կազմի, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք որևէ բան չենք բացառում, բայց, համենայն դեպս, եթե դուք տեսնում եք պատկերն ու իրավիճակը, ինձ թվում է, որ հավանականությունն ավելի շատ է իշխանության հետ դաշինք կազմելու: Մենք խտրականություն չենք դնում, թե ում հետ դաշինք կկազմենք, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են շեմը, կլինեն բանակցություններ, որոնց հետ մեր նպատակները, մեր ծրագրերը կունենան եզրեր, մենք պատրաստ ենք դաշինք կազմել»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե խորհրդարանական համակարգն արդարացված է մրցակցային պայքարում և հատկապես Վանաձորում սպասվածից բարձր մասնակցություն է եղել: Բաղդասարյանը համաձայնեց Սամվել Բալասանյանի այն դիտարկման հետ, որ Գյումրիում մասնակցությունը ցածր է եղել. «Ասեմ, որ ակտիվությունը բավականին ցածր է եղել, և միայն պարոն Բալասանյանը չէ, որ բողոքել է ակտիվությունից, դրանից մենք պետք է հետևություններ անենք»:
