«ՀՀԿ-ի համար սպասելի էին իրենց հաղթանակները». Շարմազանով
«Ընտրությունները մրցակցային էին, քաղաքական էին եւ գոնե երկու համայնքում`Գյումրիում եւ Վանաձորում, կուսակցական էին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն`ամփոփելով հանրապետության 300-ից ավելի համայնքներում եւ վեց մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: Բոլոր խնդիրներով հանդերձ, Վանաձորի եւ Գյումրու ընտրությունները, ըստ Էդուարդ Շարմազանովի, ցույց տվեցին, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի, նորմալ ընթանում է. «Կուսակցություններն ազատ ընտրապայքարի միջոցով կարողանում են ընտրողին ներկայացնել իրենց ծրագրերը: 2016-ի տեղական ինքնակառավարման ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում մրցակցային ընտրություններն այլեւս այլընտրանք չունեն: Ընտրությունները մրցակցային էին, ժողովրդավարական էին եւ ամենակարեւորը` կար ծրագրերի բախում»: ՀՀԿ-ի համար սպասելի էին իրենց հաղթանակները: Էդուարդ Շարմազանովը շնորհավորում է նաեւ ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին, հույս ունի, որ «մինի-պառլամենտի» մոդելով Գյումրին եւ Վանաձորն ավելի արդյունավետ կկառավարվեն:
