Ընտրողների ամենացածր մասնակցությունը Պտղնի գյուղում էր
Երեկ Հայաստանի վեց մարզերի 377 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Գրանցվեցին տարբեր ընտրախախտումներ՝ կուտակումներից մինչև քվեարկության գաղտնիության խախտումներ, լրագրողների գործունեության խոչընդոտում: Մինչ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները գնահատական կտան ընտրություններին, ծանոթացեք ընտրողների մասնակցության ընդհանուր պատկերին՝ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների: Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48%-ը: Ամենացածր մասնակցությունը եղել է Կոտայքի Պտղնի գյուղում, որտեղ ընտրության է գնացել ընտրելու իրավունք ունեցողների միայն 18%-ը: Մինչդեռ Լոռու մարզի Հովնանաձոր գյուղում, ըստ ԿԸՀ տվյալների, ընտրելու իրավունքից օգտվել են գրեթե բոլորը՝ 48 ընտրողներից 45-ը:
