Լեւոն Բարսեղյանը կոչով դիմել է վստահված անձանց ու դիտորդներին
ԳԱԼԱ կուսակցության ցուցակով Գյումրու ավագանու անդամության թեկնածու առաջադրված Լեւոն Բարսեղյանը կոչով դիմել է վստահված անձանց ու դիտորդներին: «Հարգելի վստահված անձինք եւ դիտորդներ, Խնդրում եմ ուշադիր հետեւել ընտրողների օգնողներին: Օրենքով. 1. Միայն մեկ հոգի կարող է օգնել ընտրողին քվեախցում: Եթե հաջողել եք երկու օգնողի նկարել քվեախցում՝ օրինազանցություն եք արձանագրել: 2. Այդ ընտրողը չի կարող լինել տեղամասային հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ: 3. Օգնողը պիտի անձնագրային տվյալներով գրանցվի գրանցամատյանում: 4. Նույն մարդը չի կարղ օգնել մեկից ավելի ընտրողի: Սա նշանակում է, որ հենց որեւէ մեկը փորձի օգնել ինչ-որ մեկին, պիտի հանձնաժողովի նախագահը նրան ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑԻ գրանցամատյանում: Հետեւեք, որ գրանցվի: Այլապես առանց գրացվելու, հետո մեկ ուրիշին կբերեն «օգնելու» ու այդպիսով մեզ բոլորիս բարեհաջող կերպով «օգնած կունենան»: Եթե հանձնաժողովի նախագահը չի գրանցում օգնողին, պնդեք, որ գրանցի, պնդումը տեսանկարահանեք, հրավիրեք դրա վրա մյուս վստահված անձանց ու դիտորդների ուշադրությունը, ասեք հանձնաժողովի նախագահին, որ օրինազանցություն է անում, ահազանքեք մեզ (0312 31819, 31889, 091821363): Այդպիսով լրջորեն կսահմանափակեք բազմակի «օգնությունների» հնարավորությունը, ինչը հավակնում է դառնալ այսօրվա ընտրությունների կեղծման հիմնական գործիք: Եթե որեւէ օգնողի գրանցեք, այլեւս չի կարողանալու մեկ ուրիշին օգնել: Եթե երկրորդ անգամ գա օգնելու, էլի պնդեք, որ պիտի գրանցվի, հենց գրանցվեց մատյանում, մենք կունենանք մեկ քրեական գործ: Հետո չասեք, թե չէինք զգուշացրել: Նման օրինազանցություններ թույլ տված հանձնաժողովականները նույնպես կենթարկվեն պատասխանատվության, դուք միայն արձանագրեք՝ տեսագրելով»:
