Պայթյունի սպառնալիք`Սիդնեյում. աշակերտներ են տարհանվել
Սիդնեյի ոստիկանությունն այսօր Ավստրալիայի խոշորագույն քաղաքի կենտրոնական և հարավային թաղամասերի որոշ դպրոցներից տարհանել է աշակերտներին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության ներկայացուցիչը: Նա նշել է, թե այդ միջոցառումը ձեռնարկվել է նախազգուշական նկատառումներով և պայմանավորված է դպրոցներում հնարավոր պայթյունի մասին այսօր ստացված բազմաթիվ սպառնալիքներով։ «Քննությունը շարունակվում է, մենք կապի մեջ ենք նահանգի կրթության նախարարության հետ»,-նշել է ոստիկանը: «Նման սպառնալիքները լուրջ քրեական հանցագործություններ են, և մենք կանենք հնարավորը՝ գտնելու այն մարդուն կամ մարդկանց, որոնք պատասխանատու են նման քայլերի համար»,-ընդգծել է ոստիկանության ներկայացուցիչը: Ուրբաթ տարհանվել են նաև Մելբուռնի երկու դպրոցների աշակերտները: Նրանց հասցեին ևս համանման սպառնալիքներ են ստացվել:
