Ավտովթար`Աշտարակի կամրջի մոտ. կա վիրավոր
Հունվարի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ, 41-ամյա Լավրենտ Սահակյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, Աշտարակի կամրջի հարևանությամբ, իր վարած BYD մակնիշի Լ3624 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր փակել են գազաբալոնը և հոսանքազրկել են ավտոմեքենան: Ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց ուղեկցել է Աշտարակի ոստիկանապետը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրաgրողը հայտնում է, որ ավտոմեքենան օգտագործվում է որպես տաքսի և այն պատկաում է «Նուշ» տաքսի ծառայությանը:
