Ովքե՞ր են ԱԺ-ի 16 դոլարային միլիոնատերերը
Փորձագետ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե ովքեր, ըստ հետազոտության, ունեն բավականին շատ գումար: Ըստ այդմ՝ ԱԺ-ում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր: Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը. նա ունի 16,6 մլրդ դրամ, 34,3 մլն դոլար: Հաջորդը՝ Սամվել Ալեքսանյանն է, ով ունի 8,8 մլն դոլար, սակայն նրա կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են: Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է՝ 5,1 մլն դոլար-ով: Թունյանի հաղորդմամբ՝ ամենաշատ եկամուտներ ունեցողը եւս Գագիկ Ծառուկյանն է (6,3 մլրդ դրամ), երկրորդ տեղում ՀՀԿ-ից Աշոտ Արսենյանն է (6 մլրդ դրամ): «Այդ շարքում են Գուրգեն Արսենյանը, Արկադի Համբարձումյանը, Մհեր Սեդրակյանը , Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), Մանվել Գրիգորյանը: Դրամական միջոցների 58,87 տոկոսն ունի ԲՀԿ խմբակցությունը, երկրորդ տեղում ՀՀԿ-ն է, 34,4 տոկոս: Երրորդ տեղում անկախ պատգամավորներն են (6 տոկոս)»,-ասաց փորձագետը: Ռ. Սաֆարյան
