Թեժ վիճաբանություն ԱԺ-ում
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հեղինակած «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Իր ելույթում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ սպասում էր գրավոր առաջարկների, որոնք այդպես էլ չի ստացել: Հարցի շուրջ սկսեց կարծիք հայտնել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Հասկանալի է՝ ես այս գաղափարին կողմ եմ, հակառակը անբարոյական կլիներ իմ կողմից, սակայն նախագիծը արդեն երրորդ անգամ ենք քննարկում, իրավական տեսանկյունից որեւէ քննադատության չի ենթարկվում: Օրինակ՝ նախաքննությունը թափանցիկ չի կարող լինել, այն գաղտնի է: Թափանցիկ կարող է լինել շրջազգեստը, նույնիսկ ընտրությունները»: Սակայն վիճաբանություն սկսվեց, Զարուհի Փոստանջյանը չդիմացավ եւ արձագանքեց. «Դուք ձեր դիտողությունները կարող էիք ավելացնել նախագծում, ու կխնդրեի հիմա իրավական գնահատականներ չտալ: Այս նախագծի գոյությունը նաեւ ձեր մեղավորությունն է, որ այսօր այս խնդիրն ունենք, քանի որ դուք եք տարիներ շարունակ կոծկել նման դեպքերը, դուք խոշտանգումների հեղինակ եք»: Ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց. «Տիկնոջ վարքագիծը հայտնի է բոլորին, դրա համար ես կշարունակեմ: Ես կոչ եմ արել, որ նա վերցներ մարտի մեկի վերաբերյալ ՀԱԿ նախագիծը՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ու այնտեղ ներառված խնդիրները, գործիքները օգտագործել: Մենք չենք պայմանավորվել, որ ես գրավոր առաջարկություններ պետք է անեի»: «Պետք է ասեմ, որ այդ փոշին, որ դրվել է, դա ձեր տեղեկանքի վրա է դրվել, քանի որ տասնյակ տարիների է, քանի որ քննության առարկա չեն դարձել նշված գործերը, դրանց թվին է պատկանում նաեւ Ջհանգիրյանի օրոք տեղի ունեցած քրեական գործը, որը գնաց, պտտվեց դատարաններում ու այդ գործի վերաբերյալ Եվրադատարանը որոշում կայացրեց՝ ՀՀ-ին հիսուն հազար եվրո տուգանել: Սա իմ անձնական նախաձեռնությունը չէ, այլ բխում է հանրության պահանջներիցք»,- շարունակեց Փոստանջյանը:
