Կարեն Կարապետյանը կլանել է հասարակության ամբողջ ուշադրությունը
Վերջին զարգացումները դիտարկելով քաղաքական իրավիճակի եւ PR-ի տեսակետից կարելի է ասել, որ Կարեն Կարապետյանը կլանել է հասարակության ամբողջ ուշադրությունը։ Շատերը նույնիսկ մոռացել են, որ երկրում կա նաեւ նախագահ։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի թիվ մեկ դեմքը Կարեն Կարապետյանն է։ Ձեւավորվում է սպասումների, փոփոխությունների մթնոլորտ։ Դա հասկանալի է բիզնեսի տեսանկյունից։ Բիզնեսը զարգանում է լավ սպասումների պարագայում։ Հայաստանում նույնիսկ պաշտոնապես արձանագրված տնտեսական ակտիվության անկումը միայն դրական սպասումների դեպքում կարելի է կանխել։ Մյուս կողմից՝ հասարակական սպասումներ են առաջանում, ինչը շատ կարեւոր է նախընտրական տարում։ Փորձ է արվում չեզոքացնելու հասարակության մեջ առկա անկումային տրամադրությունները, որպեսզի համապետական լրջագույն քվեարկությունից առաջ իշխանությունը որոշակիորեն կարողանա շփվել ժողովրդի հետ։ Այսպիսով Հայաստանի թոփ նորություններն ուղղակիորեն կապված են Կարեն Կարապետյանի հետ։ Երկրի նախագահը մտել է ստվեր։ Այդ սպասումները քաղաքական տեսանկյունից իշխող կուսակցության համար շատ դրական են, բայց նաեւ վտանգավոր են վարչապետի համար, քանի որ շատ մեծ ակնկալիքներ առաջացնելու դեպքում եթե չես կարողանում հույսերն արդարացնել, անմիջապես անկում ես ապրում։ Պարզվում է, որ երկրում արմատապես ոչինչ չի փոխվում, ամեն ինչ ընդամենը կոսմետիկ նշանակություն է ստանում, հասարակությունն էլ հասկանում է, որ հերթական անգամ իրեն խաբում են։ Այս վտանգը վարչապետի առջեւ ծառացած է։ Մանավանդ որ սեւ քարոզչություն անողների պակաս չկա, այդ թվում հանրապետականների թիմում, որոնք, ատամները սրած, սպասում են թեկուզ թեթեւ ձախողման, որ անմիջապես սկսեն հարձակումը։ Խոսքն առաջին հերթին հին նոմենկլատուրայի, նեղացածների եւ այն մարդկանց մասին է, որոնք երկրորդ-երրորդ պլանի խաղացողի վերածվելու վախ ունեն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
