«Հասմիկ Պապյանից հրաժարվել են, ինչ է, թե՝ Արմեն Սմբատյանի տղային են ուզում դարձնել Օպերայի գեղարվեստական ղեկավար». Նիկոլայ Ծատուրյան
Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի մշակութային կյանքին, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը հայտարարեց, որ մեծ հույսեր է կապում մշակույթի նորանշանակ նախարարի հետ:Ծատուրյանն անդրադարձավ նաեւ մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» հաղորդմանը՝ ասելով. «Ինչու՞ են ծնվում այս հաղորդումները՝ մի պարզ պատճառով, ճաշակի, մտքի, ինտելիգենտության, պատրաստվածության բացակայության, մտահորիզոնի նեղ վիճակի: Բոլոր ազգերի դեմքը մշակույթն է, եւ եթե մշակույթին ուշադրություն չեն դարձնում, ուրեմն ազգին ուշադրություն չեն դարձնում, իսկ մեզ մոտ փաստորեն մշակույթն ահագին կաղում է»: Ինչպես հայտարարեց՝ հայ ժողովուրդը կիսված վիճակում է. «Ժողովրդի մի ոտքն Ասիայում է, մյուս ոտքը՝ Եվրոպայում։ Մաքուր արաբական երաժշտությունն ուղղակի բարձր արվեստ է, տիեզերական երաժշտություն է։ Հայը դրան սովոր չէ, այլ սովոր է «Հաբիբի» լսելուն, որն էլ արաբական ռաբիսն է։ Անճաշակ, գռեհիկ, չափանիշները կորցրած ազգ ենք դարձել»։ Հիշեցնենք, որ վերջերս Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում քննարկվել էր նաև օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը: Խոսելով այս թեմայից՝ բանախոսն իր վրդովմունքը հայտնեց. «Երբ Հասմիկ Պապյանն ասում է՝ ես պատրաստ եմ օգնել Օպերայի թատրոնին, աշխատել գեղարվեստական ղեկավար, բարձրացնել այն … նրան ընդունում են, հավանություն են տալիս, հետո հանկարծ հրաժարվում, որովհետև պարզվում է, Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը դրան դեմ են եղել, դա խայտառակություն է»։
