«Հայաստանում 18 նախարարությունը ճոխություն է». Թևան Պողոսյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանում 18 նախարարությունը ճոխություն է և մեզ 12 նախարարությունը լրիվ բավական էր: «Եթե Գերմանիայի, Իտալիայի և Շվեդիայի նման երկրները 12-13 նախարարության շրջանակում են տեղավորվում, ապա Հայաստանի չափերն ու բնակչությունը թույլ է տալիս ևս տեղավորվել այդքանի մեջ: Սա չի նշանակում, որ մենք կորցնում ենք որևէ մեկի գործառույթները: Մենք որոշել ենք հունական փորձը կրկնել, երբ 10 միլիոն բնակչությունից 1 միլիոնը պետական համակարգի աշխատողներ էին: Հիմա փորձում եմ հասկանալ այս փոփոխություները տեղի՞ն էին, թե՞ ոչ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը: Պատգամավորի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր փոփոխություն սկզբում վախ է առաջացնում, մինչդեռ պետք է ավելի ռիսկային լինել փոփոխությունների հանդեպ: «Հասկանում եմ, որ մարդն իր բույթով կոնսերվատիվ է և ունի վախ այդ փոփոխության հանդեպ, բայց եթե մենք դրան չգնանք, ապա առաջընթաց չենք ունենալու, մնալու ենք հին տաշտակի առջև կանգնած: Պիտի չվախենանք, որովհետև այս մեքենան չի աշխատի: Համակարգային փոփոխությունների ակնկալիքը, որը ես ունեի, կարելի է նաև անվանել պետական կառավարման համակարգի հանդեպ արմագեդոն, որը ենթադրում էր ամբողջությամբ փոխել ու նորովի ձևավորել կառավարությունը», - նշեց պատգամավորը:
