Արմեն Ամիրյանը շահավետ բիզնեսի մասին
Կառավարության նիստից հետո այսօր Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չպետք է սպասել, այլ պետք է առաջին իսկ օրվանից գործի անցնել՝ ընթացքում շտկելով խնդիրները: «Առաջնահերթ խնդիրը գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլն է, որը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն։ Առավել քան համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը»,- ասաց նա և նշեց, որ այս փորձը պետք է տեղայնացնել ՀՀ ամբողջ տարածքում, առաջին փորձը կսկսվի Երևանից։ Հաջորդ առաջնահերթությունը «Կինոյի մասին» օրենքի ընդունումն է լինելու: «Այն հնարավորություն կտա արտաքին պրոդյուսերական կենտրոններին եւ կազմակերպություններին, որոնք նկարահանումներ կանեն ՀՀ-ում, ազատել որոշակի հարկատեսակներից: Դա կխթանի կինոարտադրությունը ՀՀ-ում, ինչպես նաեւ՝ այն կարող է դառնալ ՀՀ-ն արտերկրում լավագույնս ներկայացնելու միջոց: Նախատեսում եմ հանդիպումներ, առաջին հերթին ռուսական շուկայի հետ»,- հայտարարեց նախարարը:
