Իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին. Արմեն Ամիրյանը՝ կնոջը
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում պատմեց, որ կնոջն ասել է, որ ժամանակի մեծ մասն ուրիշին է նվիրելու: «Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Երբ դուռը զանգեցի, կինս բացեց, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես այլևս իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել, որ՝ մի անհանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին, մեր ժողովրդին»,- ասաց նա: Այնուհետև նշեց, որ հիմա փորձում են եղած մշակութային արժեքների մասին ծրագիր կազմել, պետք է մշակել մեխանիզմներ, որպեսզի պատմամշակութային արժեքները դառնան զբոսաշրջության ու մեր պարծանքի առարկան՝ չնայած պետք է լուծել նաև գումարային խնդիրները:
