Վարչապետի հանձնարարականները. Բոլորն անցան աշխատանքի
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նոր նախարարներին: Վարչապետը, անցնելով հանձնարարականներին, նշեց, որ հանդիպել է սննդի անվտանգության պաշտպանության վերաբերյալ սպառողների ներկայացուցիչների ու գործարարների հետ և հանձնարարում է Գյուղատնտեսության նախարարին՝ ուսումնասիրել, թե լաբորատորիան պետք է լինի ՍԱՊԾ մե՞ջ, թե պետք է լինի անկախ: Նրա հաջորդ հանձնարարականը վերաբերում էր սեփականաշնորհված ակտիվներին. «Բազմաթիվ տարիների ընթացքում մենք ունենք սեփականաշնորհված գույք, որ այսօր չի աշխատում, դրա համար Էկոնոմիկայի, Ֆինանսների ու Տարածքային զարգացման նախարարություններին հանձնարարում եմ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել ու ներկայացնել չօգտագործվող գույքի վերաբերյալ համակարգային առաջարկություններ: Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնենք ու ակտիվացնենք, որ այդ գույքը աշխատի»: Այնուհետև հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին քննարկել կենտրոնացված կարգով գնումների մեխանիզմի ներդրման առաջարկությունը, թե որ ծառայություններն են նախընտրելի, որ ձեռք բերվել այդ համակարգով: «Ծախսերի նվազեցում պետք է լինի նաեւ գների ճշտման ավելի կառավարելի համակարգ ներդրմամբ»,- շեշտեց վարչապետը: Նա անդրադարձավ նաեւ կառավարմանն ու կառուցվածքին՝ հանձնարարելով բոլոր մարմիններին` վերանայել բոլոր ՊՈԱԿ-ների նպատակահարմարությունը ու թվաքանակի կրճատման ու օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ անել: «Տարածքային կառավարման նախարարին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում էկոնոմիկայի, Սպորտի, Կրթության, Էներգետիկայի, Տրանսպորտի նախարարություններին՝ ուսումնասիրել բոլոր ոլորտների պետական բյուջեի թեմատիկ դաշտերը ու ներկայացնել առաջարկներ, որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում: Տարածքային կառավարման նախարարին հանձարարում եմ երեքշաբաթյա ժամկետում վերանայել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման ու կառավարման մեթոդաբանությունը, չափելի ու հասկանալի պահանջներ դնել զարգացման համար, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացում տեղերում: Պետք է ստեղծագործաբար աշխատել»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
