Նոր կառավարություն եք, բայց աշխատում ենք հին ոճով.ՕԵԿ
79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծն ընդունվեց։
Նախքան Հարկային օրենսգիրքը 2-րդ ընթերցմամբ կդրվեր քվեարկության, «Օրինաց երկիր»խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ չնայած ձևավորվել է նոր կառավարություն, բայց այն աշխատում է հին ոճով:
Այն է՝ կարևորագույն նախագծերը, կոնկրետ ԱԺ-ի 80 տոկոսի հետ առնչություն ունեցող Հարկային օրենսգիրքն առանց նորմալ կարդալու, քննարկելու, «շըփ-թըփ» ռեժիմով քվեարկելը:
«Երեկ դատարկ դահլիճում քննարկվել է նախագիծը, որը հաստափոր է և բավականին փոփոխություններով: Եվ այն պետք է քննարկման առարկա դառնար ոչ միայն դահլիճում գտնվող մի քանի պատգամավորների կողմից, այլև մեծ ու փոքր բիզնեսմենների կողմից: Ստացվում է այնպես, որ ձևավորվել է նոր կառավարություն, բայց մենք աշխատում ենք հին ոճով։ Բերել այստեղ փաստաթղթեր, այն էլ՝ Հարկային փաթեթը, որն այստեղ նստածների 80 տոկոսի հետ առնչվում է, բայց չեն էլ հասցրել կարդալ»,-ասաց նա:
Ամփոփելով՝ ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ խորհրդարանը նորից կանգնած է կոտրած տաշտակի առջև: ՕԵԿ-ն այս պայմաններում քննարկված հարկային փաթեթին դեմ է քվեարկելու:
Նման անփույթ կերպով չի կարելի ընդունել նախագիծ, որը կործանարար կլինի փոքր և միջին բիզնեսի համար,ասաց Զոհրաբյանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և կոչ արեց խորհրդանական մեծամասնության պատգամավորներին, ովքեր դեմ են նախագծին, բայց պարտադրված են կողմ քվեարկել, չքվեարկել և հետաձգել օրենքի նախագծի շուրջ քվեարկումը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց Զոհրաբյանին «վերջին մոմենտին» նման հայտարարություններ չանել, քանի որ երեկ առաջին ընթերցումից հետո նախագիծը քննարկվել և ներկայացվել է ԱԺ-ում։ «Եղած օրենսգրքի վրա մի շարք փոփոխություններ են ավելացվել», – ասաց Սահակյանը։
