Ես հասկացա, որ փորձում են գողության դեմ պայքարել, ոչ թե գողերի. Հակոբ Հակոբյան
ՀՀ կառավարության վերջին նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ավիատոմսերի գնումների ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որպեսզի վերացնեն պրիմիտիվ գողությունը.«Մեր նպատակն է վերացնել պրիմիտիվ գողությունը: Բոլորդ Ձեր համակարգերում կարգի բերեք: Ինձ զեկուցել են, թե մինչեւ այժմ ինչ մեխանիզմներ են գործել, որն ուղղակի ֆանտազիայի ժանրից է»,- ասել էր նա: Թե ում նկատի ուներ Կ. Կարապետյանը եւ արդյոք խոսելով պրիմիտիվ գողության վերացման մասին՝ այդպիսով նա չէր ակնարկում, որ այսուհետ գողությունը պետք է կատարել ոչ պրիմիտիվ ձեւերով. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ /Թունելի Հակոբ/ -Պարո՛ն Հակոբյան, ում նկատի ուներ Կ. Կարապետյանը պրիմիտիվ գողության մասին խոսելով, ո՞վ է գողը: -Ասենք՝ Կարեն Կարապետյանը խոսք է ասել, եւ ես որոշեմ, թե ում է ասում: -Փաստ է մեկ բան, որ վարչապետը կառավարությունում պրիմիտիվ գողեր է հայտնաբերել, չիմանանք, թե ում նկատի ուներ: -Չունեմ տեսակետ: Խնդիրը ներկայացվել էր, որպեսզի հեշտացվի, կամ ճանապարհները, որոնք տանում են կառավարության կողմից ընդունված սկզբունքների խախտմանը, դրա դեմն առնվի: Իսկ թե ում նկատի ուներ կամ ինչ նպատակ ուներ, Կ. Կարապետյանի ասածը չեմ կարող մեկնաբանել, ինքը կարող է ասել: -Ամեն դեպքում, կառավարության անդամների գերակշիռ մասը Ձեր կուսակից ընկերներն են, նրանց մեջ պրիմիտիվ գողություն անողներ կա՞ն: -Պրիմիտիվ գողեր կան, թե չէ, եթե հարցը այդպես է, ուղղակի չգիտեմ: -Ըստ Ձեզ՝ կարող է նորանշանակ վարչապետը, խոսելով պրիմիտիվ գողության մասին, ակնարկում է, որ գողանալուց պետք է կարգին գողանալ: -Այս հարցը պետք է տալ այլ ատյաններում, ոչ թե ինձ: Ես հասկացա, որ փորձում են գողության դեմ պայքարել, ոչ թե գողերի: -Դե, բայց եթե պրիմիտիվ գողությունը կա, ուրեմն գողերն էլ կան: -Չէ, գողությունը լինում է տարբեր տեսակի, եղավ: /Ծիծաղելով մտնում է իր աշխատասենյակ/:
