«Պետք է օգտագործել 11 միլիոն հայի ուժը». Ա. Սադոյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը քաղաքական ուժերին ուղղված կոչով հանդես եկավ և նշեց, որ ազգային համաձայնության կառավարության ստեղծման խնդիրը խիստ հրատապ է, ինչը գիտակցում են նույնիսկ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ: Ըստ Արշակ Սադոյանի` ժամանակն է ստեղծել համազգային մի կազմակերպություն. «Այն կներկայացնի 11 միլիոն հայի ուժ, որը կօգտագործի համաշխարհայնացման բոլոր նպաստավոր պայմանները: Ենթադրվում է, որ ՀՀ կառավարությունն իր նախարարություններին պետք է հանձնարարի` նպաստել այդ գործընթացին: Իշխանությունները պետք է աջակցեն հայերին` աշխարհով մեկ ստեղծելու փոխօգնության ազգային խմբեր, որոնք յուրաքանչյուր հայի համար կապահովեն շահավետ պայմաններ: Հայերն էլ իրենց լրացուցիչ միջոցներից ամսական գոնե մեկ դոլարի չափով ազգային տուրք կմուծեն, համազգային կառավարությունն էլ այդպես կգործի»: Ապա Արշակ Սադոյանը դիմեց ԱԺ խմբակցություններին եւ մյուս քաղաքական ուժերին. «Եթե դուք դատարկ չեք եւ ասելիք ունեք երկրի փրկության համար, առաջարկեք ձեր ծրագրերը եւ ներկայացրեք նոր կառավարությանը»:
