Ինձ մի շաբաթով ձեզ մոտ գոնե վարչության պետ նշանակեք. Հրանտ Բագրատյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հարկային օրենսգրքի» քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ անշարժ գույքի հարկ պետք է վճարի ինչպես քաղաքացին, այնպես էլ հիմնարկը՝ ԱԺ-ն, նախարարությունները և այլն:Բագրատյանը նշեց, որ չի տիրապետում, թե ինչքան է վերաբաշխումը, որովհետև թվերին չի տիրապետում: «Նշանակեք ինձ մի շաբաթով վարչության պետ, հետո դուրս կգամ, որ թվերը նորմալ հաշվեմ: Պարոն Միրումյան, թիվ գրեք, ես էլ հո երեխա չե՞մ, որ ինձ էլ եք գցում թյուրիմացության մեջ, արհամարհում եք խոսքս: Ոչ միայն ցավում եմ, այլև լացս է գալիս, քանի որ ցուցանիշներով էլի հետ ենք մնալու հարևան Վրաստանից: Ես, օրինակ, կարող եմ երեք տարով սահմանի վրայից հանել ԱԱՀ-ն, ինչպես դա արել եմ 1996 թվականին: Ա՛յ մարդ, այդ թվերին ամեն ինչ շատ ավելի իդեալական էր, քան հիմա: Քրիստոնեությունը համարում եք ազնվության չափանիշ, էդ դեպքում գոնե քրիստոնեաբար մի հատ հարկային համակարգ անեիք: Ես քվեարկությանը չեմ կարող միանալ դրական իմաստով»,- հայտարարեց Հ. Բագրատյանը: «Մենք կիսում ենք այդ տեսակետը, որ բոլորը հարկվեն, և նշել ենք, որ դա իրականացնելու ենք առաջիկայում»,- պատասխանեց հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ և նշեց, թե ինչու հիմա պատրաստ չեն, որովհետև գույքահարկը պետք է համայնքային բյուջեները վճարեն, ինչն էլ նշանակում է, որ պետք է համայնքային բյուջեներին գումար հատկացվի:
