«Իմ հանդեպ ձեռառնոցի կա ու ցինիզմ». Հրանտ Բագրատյանը շատ դժգոհ է
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը շատ դժգոհ է Հարկային օրենսգրքի փոփոխություններից: «Ես ձեզ լրջագույն հարց եմ բարձրացնում՝ բացառել սահմանի վրա հարկը, ինչը եղել է հայոց պետության մեջ մինչև 1996 թվականը։ Ասում եք՝ ըստ էության կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Հարց եմ տալիս՝ ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերն ԱԱՀ վճարել: Ասում եք՝ կարող է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հասկանո՞ւմ եք՝ անհատ ձեռներեց է, և չի կարող թեկուզ նրա համար, որ չի կարող հաշվապահություն պահել»,- ասաց նա: Այնուհետև՝ դիմելով ԱԺ-ում հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, ասաց. «Ձեր պատասխանների մեջ, ո՞նց ասեմ, իմ հանդեպ ձեռառնոցի կա ու, շատ կներեք, հազար ներողություն՝ ցինիզմ կա»: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դրական մոտեցումով չի ընդունում Հարկային նոր օրենսգիրքը: Էդուարդ Շարմազանովն էլ նշեց՝ ընդունեք, որ դրական տեղաշարժ կա, կառավարությունն ընդունել է ձեր մի քանի առաջարկները:
